Vintage
Something Different for Joomla
Որոնել կայքում
Գրանցվել / Մուտք
Խուլ անձանց աշխատանքային ինտեգրումը |
![]() |
Բազմազանությունը աշխատավայրում օգտակար է ինչպես աշխատակիցների և գործատուների, այնպես էլ ընդհանուր հանրության համար Գործատուները հետզհետե գիտակցում են բազմազան և նեռարական աշխատակազմ ունենալու կարևորությունը և գործնական քայլեր են ձեռնարկում սոցիալական ամենատարբեր խմբերին պատկանող անձանց աշխատանքի ընդունման ուղղությամբ: Հատկապես հատկանշական է վերջին տարիներին արձանագրված առաջընթացը Ամերիկայի միացյալ նահանգներում և զարգացած այլ երկրներում: Բայց, չնայած առկա բարեփոխումներին, աշխատանք փնտրողների մեկ խումբ` խուլ անձինք, շարունակում են դուրս մնալ աշխատանքային պրոցեսներից: Գործատուների` խուլ անձանց աշխատանքի ընդունելու պատրաստակամության պակասը հիմնականում խուլ աշխատակիցների հետ համագործակցության հետ կապված թյուրըմբռնումների արդյունք է: Երկու հիմնական կարծրատիպերն են` - Խուլ աշխատակիցները չեն կարող արդյունավետ հաղորդակցվել գործընկերների և/կամ հաճախորդների հետ: - Խուլ աշխատողի համար աշխատատեղի հարմարեցումը հսկայական ծախսերի հետ է կապված: Գործատուների շրջանում այս անհիմն մտավախությունների ձևավորումն ու ամրապնդումը հիմնականում արդյունք է այն բանի, որ խուլ համայնքի հետ համագործակցության առավելությունների և խուլ աշխատակիցների համար աշխատատեղի հարմարեցման ոչ թանկ կամ անծախս տարբերակների մասին տեղեկացվածությունը ցածր է: Ինչ վերաբերում է խուլ անձանց հետ արդյունավետ հաղորդակցման ապահովմանը, կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր խուլ անձինք են նույն կերպ հաղորդակցվում` յուրաքանչյուր խուլ անձ հաղորդակցման և կապի նախընտրելի միջոց ունի: Հետևաբար, անհրաժեշտ է նախ խորհրդակցել խուլ աշխատակցի/պոտենցիալ աշխատակցի հետ` իր համար առավել արդյունավետ հաղորդակցման եղանակը պարզելու համար: Խուլ անձանց շրջանում հաղորդակցման եղանակների/միջոցների բազմազանությունը հիմնականում կապված է լսելու նրանց կարողության (խուլ անձանցից ոմանք կարող են որոշակի լսողություն ունենալ), ինչպես նաև խոսելու կարողության հետ` մինչ որոշ խուլ անձինք հեշտությամբ խոսում են, մյուսները ապավինում են միայն ոչ վերբալ հաղորդակցմանը: Բացի այդ, խուլ անձանցից ոմանք ըստ շուրթերի կարդալու գերազանց հմտություններ ունեն, իսկ մյուսները նախընտրում են գրավոր/էլեկտրոնային հաղորդակցությունը: Հայաստանում ապրող խուլ անձինք, այնուամենայնիվ, հիմնականում հաղորդակցվում են ժեստերի լեզվով: Խուլ աշխատակիցների հետ հաղորդակցման 5 խորհուրդներՄինչ յուրաքանչյուր անձ հաղորդակցման իր համար ցանկալի տարբերակը կարող է առաջարկել, կան որոշակի կանոններ, որոնցով գործատուները կարող են առաջնորդվել` խուլ աշխատակիցների/հնարավոր աշխատակիցների հետ հաղորդակցման ընթացքում: - Խուլ անձի ուշադրությունը գրավելու համար ձեռքով նշան արեք կամ թեթև դիպչեք նրա ուսին: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ է սովորաբար անում խուլ աշխատակիցը իր զրուցակցի ուշադրությունը ստանալու համար, և կրկնեք նույն գործողությունը նրա ուշադրությունը ստանալու համար: - Խուլ անձի հետ զրուցելիս նայեք ուղիղ նրա աչքերի մեջ և դիմեք նրան ուղղակիորեն, անգամ եթե միմյանց հետ հաղորդակցվում եք ժեստերի լեզվի թարգմանչի օգնությամբ: - Մի բարձրացրեք ձայնը և սովորականից դանդաղ մի խոսեք: - Աշխատանքային հանդիպումների/միջոցառումների ընթացքում վիզուալ նյութեր օգտագործեք, շեշտը մի դրեք բանավոր տեղեկատվության/հաղորդակցության վրա: - Եթե աշխատակիցը կարդում է ըստ շուրթերի, համոզվեք, որ աշխատանքային հանդիպումների ժամանակ մեկից ավելի անձինք միաժամանակ չխոսեն: Աշխատավայրում հաղորդակցման այս և նմանատիպ այլ ռազմավարությունների կիրառումը և աշխատակիցների շրջանում դրանց վերաբերյալ իրազեկման բարձրացումը կարող է խթանել խուլ աշխատակիցների և իրենց գործընկերների միջև արդյունավետ համագործակցությունը և ապահովել խուլ աշխատակիցների ակտիվ մասնակցությունը աշխատանքային բոլոր գործընթացներում: Կարևոր է հիշել, որ երբ ղեկավարությունը որպես հստակ առաջնահերթություն է դիտարկում բոլոր աշխատակիցների ներգրավումը, աշխատակիցները հետևում են այդ օրինակին և արդյունքում ներառական միջավայր է ստեղծվում աշխատավայրում: Աշխատատեղի հարմարեցումը խուլ աշխատակիցների համարԻ հակադրություն գործատուների` խուլ աշխատակիցների համար աշխատավայրը հարմարեցնելու վերաբերյալ թյուրըմբռնումներին, իրականում խուլ աշխատակիցների ներառումը ապահովող հարմարեցումները հիմնականում առանձնապես ծախսատար չեն: Ինչպես հաղորդակցման եղանակի ընտրության, այնպես էլ անհրաժեշտ հարմարեցումների կատարման համար նախ անհրաժեշտ է խորհրդակցել աշխատակցի հետ, քանի որ ոչ բոլորին են անհրաժեշտ նույն հարմարեցումները: Խուլ աշխատակիցների համար անհրաժեշտ հարմարեցումների օրինակներ են` - Հանդիպումների ժամանակ ժեստերի լեզվի թարգմանչի առկայությունը - Հաղորդակցումը էլեկտրոնային փոստի և տեքստային հաղորդագրությունների միջոցով - Անհատական զրույցների ընթացքում գրավոր նշումների կիրառումը - Աջակցող տեխնոլոգիաների կիրառումը` Video Relay Service (VRS) տեխնոլոգիան, օրինակ թույլ է տալիս խուլ (ինչպես նաև լսողության և խոսքի խանգարում ունեցող) անձանց հաղորդակցվել հեռահաղորդակցության միջոցով: Նմանատիպ տեխնոլոգիաները բազմազան են և հիմնականում ֆինանսապես մատչելի են: - Հանդիպումների, կոնֆերանսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում գրավոր արձանագրությունների կազմումը` արձանագրությունը կարող է օգնել խուլ աշխատակցին` հետևել քննարկման ընթացքից - Ձայնային ազդանշանները, օրինակ հրդեհի ահազանգման սարքերը համալրեք տեսողական ազդանշաններով (օրինակ լուսարձակներով): Կարևոր է հիշել, որ վերոնշյալ հարմարեցումներից շատերը (օրինակ արձանագրության կազմումը) ամենօրյա անհրաժեշտություն չէ խուլ աշխատակիցների համար: Հարմարեցումները հիմնականում ոչ թէ հսկայական ծախսեր, մարդկային ռեսուրսներ կամ ջանքեր են պահանջում, այլ պարզապես ճկուն աշխատանքային գործընթացներ և դրական մոտեցում: |