Vintage
Something Different for Joomla
Որոնել կայքում
Գրանցվել / Մուտք
Գործնական խորհուրդներ |
![]() |
Հաշմանդամներից շատերը կարծում են, որ ներկայիս հայ իրականության պայմաններում գրեթե անհնարին է աշխատանքի տեղավորվել: Մինչդեռ գրագիտորեն մոտենալով աշխատանքի որոնման հարցին, օգտագործելով բոլոր հնարավոր թույլատրելի միջոցները, տեղեկացված լինելով աշխատանքի ընդունման փուլերին, համառ ջանքերի շնորհիվ կարելի է հաջողության հասնել: Ինչպիսի՞ն պետք է լինեն ձեր առաջին քայլերը: Նախ կողմնորոշվեք, թե ինչ բնույթի աշխատանք է ձեզ հետաքրքրում: Եթե ձեր նախըտրած ոլորտում դուք դեռևս մասնագիտացված չեք, ցանկալի է օգտվել պետության կողմից կազմակերպվող դասընթացների հնարավորություններից: Մեծամասամբ աշխատանքի տեղավորման պարտադիր պահանջների թվում է համակարգչի իմացությունը (առնվազն՝ տարրական): Նման գիտելիքներ կարելի է ստանալ 1-2 ամսվա ընթացքում՝ հաճախելով համակարգչային անվճար կամ վճարովի դասընթացների: Թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ Գինդ և Դելովոյ էքսպրես (ռուսերեն) թերթերից, երբեմն Եթեր շաբաթաթերթից և այլ պարբերականներից, հեռուստատեսությամբ՝ վազող տողով հեռարձակվող հայտարարություններից, վեբ-կայքերից (www.port.am, www.careercenter.am, www.job.am, www.jobfinder.am), նաև ծանոթների, ընկերների և բարեկամների միջոցով: ՀՀ-ում գործում են պետական զբաղվածության տարածքային կենտրոններ, որոնք անվճար հիմունքներով աշխատանք փնտրողներին տրամադրում են խորհրդատվություն, տեղեկատվություն թափուր աշխատատեղերի և զբաղվածության ծրագրերի վերաբերյալ, նաև իրականացնում են աշխատանքի միջնորդություն: Կարող եք նաև օգտվել մասնավոր կադրային կենտրոնների և աշխատանքի տեղավորման գործակալությունների վճարովի ծառայություններից: Աշխատանք որոնելիս նախաձեռնող եղեք՝ ինքներդ տվեք հայտարարություն տարբեր միջոցներով (հեռուստատեսություն, մամուլ, ինտերնետ): Անհրաժեշտ է ունենալ ռեզյումեի պատրաստի տարբերակ, որը թեթևակի փոփոխության կարող է ենթարկվել՝ պայմանավորված տվյալ աշխատատեղի ներկայացվող պահանջներով: Ռեզյումեն ձեր աշխատանքային այցեքարտն է: Սովորաբար այն պարունակում է հետևյալ բաժինները՝ , . անձնական տվյալներ և կոնտակտային տեղեկություններ. անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ընտանեկան վիճակ, հասցե, հեռախոսահամար, էլ.փոստ, . կրթություն, . աշխատանքային փորձ, . լրացուցիչ տեղեկություններ. օտար լեզուների, համակարգչի իմացություն, վարորդական իրավունքի առկայություն և այլն, . նախասիրություններ (պարտադիր չէ)։ Ռեզյումե կազմելիս անհրաժեշտ է շեշտը դնել ոչ թե անձնական, այլ գործնական հատկանիշների վրա։ Եթե ունեք հարուստ աշխատանքային և/կամ կրթական կենսագրություն, նշեք միայն տվյալ գործատուին հետաքրքրող փաստերը: Պահպանեք հետևյալ ժամանակագրական կարգը՝ սկսեք առավել թարմ տվյալներից: Հավելվածում ներկայացված տիպային նմուշներում զետեղված են բոլոր անհրաժեշտ կետերը, սակայն ձեր հայեցողությամբ կարող եք ավելացնել նաև այլ տեղեկություններ, որոնք ձեզ բնութագրում են դրականորեն (օրինակ՝ չեմ ծխում, ունեմ պարգևատրումներ և այլն): Հաշմանդամության մասին հիշատակումը կարող է ունենալ բացասական հետևանքներ, քանի որ գործատուներից շատերն ունեն կարծրատիպային մտածելակերպ: Այդ հանգամանքին մանրամասն անդրադարձ է կատարված Հարցազրույցի ընթացքը բաժնում: Սովորաբար ռեզյումեի ծավալը չպետք է գերազանցի մեկ էջը: Ռեզյումեն պետք է լինի դյուրընթեռնելի, պարզ, կոնկրետ, քերականության կանոնների պահպանմամբ և առանց տառասխալների: Որոշ գործատուներ ունեն ռեզյումեի՝ իրենց կողմից հաստատված ձևերը. նման կազմակերպություններ դիմելիս խստորեն պահպանեք առաջարկված ձևի պահանջները։ Նախանշելով ձեզ համար ցանկալի աշխատատեղերը, ուղարկեք ռեզյումեն էլեկտրոնային փոստով, ներկայացրեք այն անձամբ կամ ծանոթի միջոցով: Եթե ձեր ռեզյումեն հետաքրքրի գործատուին, ձեզ կհրավիրեն հարցազրույցի: Որպես միջանկյալ փուլ կարող է կիրառվել տեստավորումը: Տեստերը լինում են բազմաբնույթ՝ մասնագիտական, հոգեբանական, մտավոր ունակությունների ստուգման: Մասնագիտական տեստավորումը անմիջականորեն կապված է հետագա աշխատանքի հետ (օրինակ՝ մեքենագրություն, համակարգչով աշխատելու ընդունակություն, հաշվապահական գործի նրբությունների իմացություն և այլն): Երբեմն հարցազրույցներն անցնում են մի քանի փուլով (օրինակ՝ մարդկային ռեսուրսների բաժնի պատասխանատուի, անմիջական ղեկավարի, գործադիր տնօրենի հետ): v Հարցազրույցի ընթացքը Ձեր հաշմանդամությունը կարող է ակնհայտ կամ թաքնված լինել. ամեն դեպքում անհրաժեշտ է գործատուին տեղյակ պահել դրա մասին: Դա ձեզ հետագայում թույլ կտա օգտվել աշխատանքային արտոնություններից, իսկ գործատուին՝ աշխատավարձի փոխհատուցման պետական ծրագրից: Անհրաժեշտության դեպքում, հարցազրույցի ժամանակ դուք կարող եք հերքել գործատուի կարծրատիպային մոտեցումները, ինչի համար ձեզ օգտակար կլինի ծանոթանալ հետևյալ աղյուսակին.
Հարցազրույցի ընթացքը դժվար է կանխատեսել, սակայն գոյություն ունեն որոշակի օրինաչափություններ: Այսպես, հաճախ տրվում են շփոթեցնող հարցեր: Ոչ մի դեպքում պետք չէ խուճապի մատնվել: Ի տարբերություն սովորական հարցերի, օրինակ՝ բնակության վայրի, կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ, գործատուները մոլորեցնող հարցեր տալիս են, որպեսզի ստուգեն հավակնորդի հմտություններն իր համար անսպասելի իրավիճակում: Առավել հաճախակի հանդիպող նման հարցերից են. 1. Պատմեք ձեր մասին: Այս հարցը, թերևս, ամենաանհարմար հարցերից մեկն է: Գործատուները վերջինիս միջոցով ցանկանում են իմանալ հավակնորդի նախապատվությունների մասին. չէ՞ որ մարդիկ առաջին հերթին խոսում են իրենց հուզող հարցերի շուրջը:Գործատուին նախևառաջ հետաքրքրում է ձեր կրթությունը և աշխատանքային փորձը, այլ ոչ թե հոբբին: Միևնույն ժամանակ, մի քանի խոսքով կարելի է անդրադառնալ նաև ձեր նախասիրություններին: Դուք կարող եք նաև ճշտել, թե ինչն է հատկապես հետաքրքրում գործատուին: Ամեն դեպքում, զերծ մնացեք անձնական կյանքի մանրամասնությունները պատմելուց: 2. Թվեք ձեր բնավորության դրական և բացասական կողմերը: Այս հարցը պահանջում է հնարամտության և չափի զգացման դրսևորում: Նշեք մի քանի դրական կողմ, օրինակ՝ աշխատասիրություն, ճշտապահություն, ազնվություն, կազմակերպվածություն: Անդրադառնալով բացասական կողմերին՝ մի փորձեք սրամտել, նշելով, որ դուք ծույլ եք կամ հակված եք ծառայողական սիրավեպերի: Մնացեք չափի մեջ, կարող եք կես կատակ կես լուրջ նշել, որ երբեմն այնքան եք տարվում աշխատանքով, որ մոռանում եք ժամանակի մասին: Կամ տվեք չեզոք պատասխան, օրինակ՝ Անշուշտ, ես ունեմ թերություններ, սակայն դրանք ոչ մի կերպ չեն ազդում աշխատանքի որակի վրա: Իսկ իրական թերությունների մասին ավելի լավ է լռել: 3. Ինչո՞ւ որոշեցիք փոխել աշխատանքը: Գործատուին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչը ձեզ չէր բավարարում նախորդ աշխատավայրում և ինչ սպասելիքներ ունեք նոր աշխատանքից: Կա մի ոսկե կանոն. երբեք մի չարախոսեք նախկին ղեկավարի և գործընկերների մասին: Դա և տգեղ է, և կասկածելի է թվում: Կարող եք պատասխանել, որ անհարմար էր աշխատանքային գրաֆիկը, հիմնարկի գտնվելու վայրը, կամ բացակայում էր մասնագիտական աճի հնարավորությունը: Ոչ մի դեպքում շեշտը մի դրեք աշխատավարձի չափի վրա: 4. Նշեք այն աշխատավարձը, որին հավակնում եք: Ձգտեք օբյեկտիվորեն գնահատել ձեր գիտելիքները և փորձը: Նախօրոք իմացեք տվյալ կազմակերպության աշխատողներին վճարվող աշխատավարձի միջին չափը: 5. Ի՞նչ գիտեք մեր կազմակերպության մասին: Հարցը կարող է ձեզ համար շփոթեցնող թվալ, եթե դուք ոչ մի տեղեկություն չունեք այն կազմակերպության մասին, որտեղ ցանկանում եք աշխատել:Նախապես ծանոթացեք տվյալ կազմակերպության վեբ-կայքին, եթե այն գոյություն ունի, կամ տեղեկացեք նրա գործունեության մասին այլ աղբյուրներից: 6. Ինչո՞ւ եք ցանկանում աշխատել մեր կազմակերպությունում: Նախ նշեք կազմակերպության բացահայտ առավելությունների, օրինակ՝ գործարարական համբավի, կայունության (եթե կազմակերպությունը բազմամյա գործունեության փորձ ունի), գտնվելու վայրի և այլ գործոնների մասին:Կարող եք նաև պատասխանել, որ այս աշխատանքը պարզապես հետաքրքիր է ձեզ համար:Պետք չէ նշել աշխատավարձի չափը՝ որպես տվյալ կազմակերպությունում աշխատելու ցանկության հիմնական դրդապատճառ: v Ընդհանուր խորհուրդներ . Մի ուշացեք: Մոտեցեք հարցազրույցի վայրին նշանակված ժամից մոտավորապես 10-15 րոպե առաջ, սակայն մտեք համապատասխան սենյակը ձեզ նախապես ասված ժամանակին։ . Հատուկ ուշադրություն դարձրեք հագուստին: Հարցազրույցին ցանկալի է ներկայանալ ոչ ճչացող գույնի, դասական ոճի հագուստով, զուսպ դիմահարդարմամբ: . Խուսափեք զարդեղենի ավելցուկից: . Օգտագործեք նուրբ և ոչ կպչուն հոտով օծանելիք։ . Հարցազրույցից առաջ անպայման անջատեք բջջային հեռախոսը: . Խուսափեք հարցազրույցի ընթացքում մաստակ օգտագործելուց: . Մի դրսևորեք անտարբերություն այն աշխատատեղի նկատմամբ, որը ցանկանում եք զբաղեցնել: . Երբեք խուճապի մի մատնվեք: Եթե որևէ հարցում շփոթվեցիք, մի հուսահատվեք և փորձեք շտկել իրավիճակը: . Ոչ մի դեպքում մի խաբեք գործատուին. սուտը շուտ կբացահայտվի և բացասաբար կանդրադառնա գործատուի որոշման վրա: . Եղեք վստահ, բայց ոչ հարձակողական: . Մի փորձեք գործատուի մոտ առաջացնել խղճահարություն, պատմելով ձեր անձնական, առողջական և/կամ ֆինանսական խնդիրների մասին: Դա կձախողի հարցազրույցը: . Մի՛ վիրավորվեք, եթե գործատուն հարցնի, արդյոք հաշմանդամությունը չի խոչընդոտի ձեզ աշխատել։ Փորձեք բացատրել, որ հաշմանդամ լինելը չի խանգարի ձեզ կատարել աշխատանքային պարտականությունները։ . Երբեք ցույց մի տվեք, որ հարցազրույցին կանչելը ձեզ համար մեծ անակնկալ էր: Եթե հարցազրույցն ավարտվելուն պես ձեզ ոչ մի որոշակի՝ դրական կամ բացասական պատասխան չտրվեց, մի ամաչեք հարցնել, թե երբ կկայացվի վերջնական որոշումը: Երբեմն այդ գործընթացը կարող է մի քանի օր կամ շաբաթ տևել: Զինվեք համբերությամբ, և անպայմանորեն հաջողության կհասնեք: |